Արփի Ոսկանյան / Մազերի հեղափոխություն

Իմ թանկագին ընթերցող՝ միգուցե միակ ու մինուճար, որ կարդում ես հիմա այս տողերը, ես ուզում եմ պատմել քեզ իմ մազերի մասին՝ իմ փարթամ, խիտ, ծանր, հաստ, չափազանց երկար, արտառոց ու զարմանահրաշ մազերի մասին։ Եթե դու երբևէ  չես տեսել մազերս,  կարող ես ասածս ինքնասիրահարվածություն համարել, բայց եթե տեսել ես, գիտես, որ իմ մազերն ավելի շատ աշխարհինն էին ու քոնը, քան իմը։  Դա, իհարկե, ամենևին չի նշանակում, թե դու պիտի անպայման հիացած լինեիր դրանցով։  Հնարավոր է՝ մազերս քեզ նույնիսկ տգեղ թվացած լինեն կամ քեզ համակած լինի մկրատն առնելու ու դրանք կտրելու ցանկությունը։ Մի բանն է հաստատ՝ եթե դու տեսել ես իմ մազերը, դրանք  քո հիշողությունից ջնջել չի լինի։

Իմ մազերն արտառոց էին ու արտակարգ, և այս պնդման մեջ չկա մեծամտության կամ ինքնազմայլման տարր։  Այդպիսին են եղել այն առասպելական հերոսների մազերը, որ առյուծի երախ էին ճղում, տաճարներ քանդում ու միայնակ դուրս գալիս զինված զորքի դեմ։ Այսպիսին են եղել երբևէ ապրած և բարձրումեծ խարույկների մեջ մոխրացած վհուկների վարսերը։ Այսպիսին պիտի որ եղած լինեն խորթ մայրերի ձեռամբ ձեղնահարկում կողպված գեղեցկուհիների վարսերը, որ նրանք կախում էին  պատուհանից, որպեսզի սիրածները դրանցով վեր մագլցեն։

Գիտեմ, դու հիմա կասկածանքով կկոցում ես աչքերդ ու մտածում, թե ոնց նրբանկատորեն հարցնես ինձ՝ հո լրջորեն չե՞մ կարծում, թե մազերի մեջ իսկապես գերբնական ուժ կա, և այդ հին առասպելների ու հեքիաթների մեջ՝ գեղեցիկ փոխաբերություններից զատ ինչ-որ ճշմարտություն։ Ոչ, իհարկե, չեմ կարծում։ Որովհետև համոզված եմ։ 

Երբ փոքր աղջիկ էի,  ծնողներս, եղբայրներս ու քույրս կատաղի պայքար էին մղում մազերիս դեմ։ Սկզբում համոզում էին, հետո փորձում էին կաշառել՝ խոստանալով ինձ համար առնել այն ամենն, ինչ երազում էի ունենալ։ Բայց չկար աշխարհում մի բան, որի մասին ես երազեի ավելի, քան երկար մազեր ունենալու մասին, և նրանք ի վերջո կտրում էին իմ մազերը խաբեությամբ, նենգորեն, դավադրաբար ու թաքուն, ինչպես հեքիաթների գեղեցկուհերի մազերն էին կտրում խորթ մայրերը և առասպելական հերոսներինը՝ կողակիցներն ու սրանց ցեղակիցները։

Նրանք անում էին դա իբր վասն մաքրասիրության,  որպեսզի մանկապարտեզում, իսկ հետո նաև դպրոցում գլուխս չոջլոտի։  Ասում էին նաև, թե դա անհրաժեշտ է իմ աճին, իբր մազերն իրենց մեջ են քաշում ողջ սնունդը և աճող օրգանիզմը զրկում աճի համար անհրաժեշտ նյութերից։ Իբրև պատճառ ներկայացվում էր նաև  անհարմարությունը, որ ամեն առավոտ պատճառելու էին իմ երկար մազերը՝ պարտադրելով սանրել իրենց, կապել կամ հյուսել։ Ասում էին՝ կմեծանաս, կերկարացնես ու ինքդ կխնամես։ Ի վերջո, ասում էին, դա անհրաժետ է, որպեսզի առողջ, փարթամ ու գեղեցիկ մազեր ունենամ, երբ մեծանամ, ու երբ գեղեցիկ լինելը շատ ավելի կարևոր լինի, քան հիմա։

Ես կռահում էի, որ բոլոր այդ պատճառաբանությունները քողարկում են իրական պատճառը՝ այն, ինչի համար հին աշխարհում քաչալացնում էին ստրուկներին և մինչև հիմա քաչալացնում են զորակոչիկներին ու բանտարկյալներին։ Հազար պատճառ կարող են մոգոնել, ոջիլներ ու մաքրասիրություն վկայակոչել, բայց  միայն մի բանի համար են դա անում՝ մարդուն  սեռական հմայքից, այն իր ցանկությամբ կիրառելու հնարավորությունից, հետևաբար և ազատությունից ու ուժից զրկելու համար։ Կան այդպիսի մարդիկ, որ դուրս կգան փողոց, կպայքարեն զանազան ազատությունների համար, ընդդեմ զանազան բռնությունների, բայց իրենց հարևանների, ընկերների ու բարեկամների ազատ վարքուբարքին ծուռ կնայեն։ Ազատության այդ մարտիկներն ասում են. «Մենք ընդունում ենք ազատության բոլոր ձևերը, բացի սեռականից»։ Դու այդ մարդկանց նման չես, իմ ընթերցող. եթե նույնիսկ չգիտես, հավանաբար կռահում ես այն, ինչ պիտի ասեմ հիմա՝ չկա ազատություն սեռական ազատությունից բացի, բոլոր այդ խոսքի, դավանանքի ու խղճի, տեղաշարժման ու արտահայտման ազատությունները սեռական ազատության ածանցյալն են, հավելվածը, լրացումը։  Ազատ մենք լինում ենք միայն այն ժամանակ, երբ մեր մարմինը մեզ է պատկանում։ Երբ մենք մեր սեռի ու սիրո տերն ենք։    Եվ պատահական չէ, որ սեռական հասունացման տարիքում, երբ սեռը իմ մարմնի մեջ ամրապնդեց դիրքերը, ծնողներս, քույրս ու եղբայրներս հասկացան, որ ավելի շուտ ընդմիշտ կփախչեմ տնից, կրակի կտամ տունը, կսպանեմ իրենց, քան թույլ կտամ կտրել մազերս։

Տասնհինգ տարեկանում ես ունեի արդեն գոտկատեղիս հասնող մազեր։  Հանուն արդարության պետք է խոստովանել, որ մանկության տարիների քաչալացումները միգուցեև իսկապես ինչ-որ դրական ազդեցություն ունեցան մազերիս որակի վրա։ Իմ մազն այնքան հաստ էր  ու ամուր, որ մայրս մի անգամ շփոթել էր այն թելի հետ և ուզում էր, որ անցկացնեմ ասեղի անցքի մեջ։ Դա իրոք մի երկար ու ամուր թել էր, որով հանգիստ կարելի էր կար անել։

Չնայած այդ արտառոց երկարությանը՝ իմ մազերը չեն ճյուղավորվել, չեն կտրտվել ու փշրվել, չեն թափվել։ Վարսավիրանոցներում, ուր մտնում էի հարդարելու մազերս, վարսավիրները ապշահար էին լինում դրանց երկարությունից ու որակից։ Սովորաբար երեք-չորս վարսավիր էր ներգրավվում մազերիս հարդարման գործին։ Վարսավիրները հարազատներիս ու ընկերներիս նման համոզում էին կարճացնել մազերս, ձև տալ դրանց, վաճառել  մազերի համար չլսված, առասպելական գնով։ Նրանք ասում էին, որ մազերս ինձ չեն գեղեցկացնում։

Ես չէի էլ փորձում բացատրել, որ գեղեցկության համար չեմ մազ երկարացնում, և որ մազերը չեն իմը, այլ ես եմ մազերինը։ Եթե նման բաներ ասեի, ինձ խելագարի տեղ կդնեին, բայց դա ճշմարտությունն էր։ Դրանք ասես ինձ կապում էին շատ հին ու մոռացված մի աստվածության հետ։  Երբ ես քայլում էի փողոցով, ինձ իսկական արև էի զգում, ու թվում էր ինձ, թե մազերս իմ շողերն են։ Իսկ երբ գիշերն էր իջնում, ու գլուխս իջնում էր բարձիս, իմ մազերը արևի շողերից վեր էին ածվում ջրի ալիքների։ Բոլոր մազերն են ջուր, բայց կան մազեր ջրվեժ, կան անձրև մազեր, կան մազեր առու, կան մազեր, որ ջրի տաշտակ են, կան գետ մազեր, մազեր լիճ ու ծով… Իմ մազերը օվկիանոս էին՝ անսահման խաղաղ, բայց մոլեգնության ժամին անխնա խորտակող ամեն ինչ։ Հմայված նավաստիների գերեզմանն էին իմ մազերը։

Մազերս սարսափի մեջ էին գցում մորս։ Նա խնդրում, աղաչում, պարտադրում էր դրանք հյուսած պահել։ Սակայն եթե կար մի բան, որ քաչալանալուց ավելի ատելի էր ինձ, մազերս հյուսած տեսնելն էր։ Ազատ արձակած մազերս ինձ վարգող վայրի ձիու բաշ էին թվում, իսկ հյուսերս՝ սանձ։ Նկատե՞լ ես, ավանդապահ մարդիկ, որ կանանց մեջ հեզությունն ու ամոթխածությունն են գնահատում, որպես կանոն երկար մազերի ջատագով են։ Բայց նրանք սիրում են, որ առօրյայում այդ մազերը կապված, հյուսված, որոշ երկրներում նաև քողով կամ գլխաշորով ծածկված լինեն, և արձակվեն միայն գիշերը՝ եզակի տղամարդու համար։  Երբ ծանոթանում ես մազերի հետ կապված հին հավատալիքներին, կարող է թվալ, թե մազերը ծպտված սեռական օրգան են եղել, իսկ դրանք ցուցադրելը՝ մեծագույն ամոթ ու խայտառակություն, ինչը կարող էին իրենց թույլ տալ միայն պոռնիկներն ու վհուկները՝ նրանք, որ իրենց դուրս են դրել օրենքից ու հասարակությունից և  հրաժարվել ենթարկվել։

– Ոնց որ խելագարված Անուշը լինես,- ասում էր մայրս՝ մազերիս նայելով սարսափած։

Հա, ես խելագարված Անուշն էի, բայց դժբախտ սիրո հետևանքով չէի խելագարվել։ Իմ խելագարությունը ապառիկ էր՝ բոլոր հնարավոր դժբախտ սերերին ընդառաջ։  Առհասարակ, ինչպե՞ս կարող է սերը երջանիկ լինել։ Ես դեռ մանկուց գիտեմ, որ սերը մեզ դժբախտացնելու ու սպանելու համար է, ոչ թե երջանկացնելու։  Ես առանց երկմտանքի ընտրում էի այնպիսի մարդկանց, որոնց պարագայում դժբախտությունը երաշխավորված  կլիներ։ Սերն ինձ պարբերաբար ոչնչացնում էր ու սպանում,  բայց ամեն անգամ ես բռնում էի իմ երկար, շատ երկար մազերի ծայրից ու ինձ դուրս հանում մահվան միջից։

Երբ անսպաելի համակրանք զգացի մի տղայի հանդեպ, որը  փոքր էր ինձնից վեց տարով, ինքս ինձ ասացի՝ հանգիստ, իմ հասակակիցներն ինձ դուր չեն գալիս, նրանք անկարող են իմ մեջ ցանկություն, կիրք  ու սեր բոբոքել, էլ ուր մնաց, որ դա հաջողվի ինձնից վեց տարով փոքրին։ Մութ կինոդահլիճում, ուր մենք գնում էինք մեր ընկերների հետ կինո նայելու, ես հանգիստ նստում էի նրա կողքին  և զգում, թե ինչպես են մազերս անհանգիստ շարժվում, բարձրանում, տարածվում նրա վրա, ինչպես ուռկան, թե ինչպես է նա խճճվում իմ մազերի մեջ։

Մենք այդպես իրար կողքի նստած կինո նայեցինք հինգ օր,  և վեցերորդ օրը սկսվեց մեր կինոն։ Այդ կինոն երբեք չէր սկսվի, եթե չլինեին խոչընդտոտները, որ արգելում էին մեզ իրար հետ լինել ապագայում։ Նա փոքր էր ինձնից վեց տարով, իսկ մեր հասարակության մեջ դա նույնիսկ ավելի մեծ խոչընդոտ է, քան եթե մեծ լիներ ինձնից երեսուն տարով։  Նա ինձնից բոյով էր քառասոն սանտիմետր, և մենք նույնիսկ տեսողականորեն իրար չէինք սազում։ Եվ վերջապես, նա մի տարուց գնալու էր բանակ։ Իրականում սերը լինում է այնտեղ, ուր անհաղթահարելի խոչընդոտներ կան, և ոչ այնքան հաղթահարելու համար, որքան մեզ պարտության մատնելու, տանջելու, մաշելու, սպանելու։ Չի կարող լինել սեր այնտեղ, որտեղ սիրուն ոչինչ չի խանգարում, որտեղ այն չի կարող զարմացնել  ու ցնցել, ստիպել վերանայել պատկերացումները, նախասիրություններն ու համոզմունքները։  Ասենք, երկուսի միջև, որոնց բոլորը իրար հարմար են տեսնում։ Այդտեղ երբեք, երբեք սեր լինել չի կարող։ Միգուցե համակրաք, միգուցե հաջող ամուսնություն, հարգանք ու կապվածություն, վերջապես  հաշվարկ, բայց երբեք ոչ սեր։ Իրականում ինձ հրապուրում էին նրանք, որոնց հետ միավորումը հեռանկարում անհնար էր, անհնար էր երջանկությունը, անհնար էր հենց ապագան։ Ինձ հրապուրում էր սիրո հնարավորությունը։

Առջևում մի տարի կար, և մենք այդ տարվա ամեն օրն ու րոպեն ապրեցինք իրար հետ անչար սիրո մեջ՝ իմանալով, որ բաժանումն անխուսափելի է։ Իրար հետ անցանք մեր ընկերների տներով, համերգասրահներով ու պատկերասրահներով, փողոցներով, հրապարակներով…  Չէ, հրապարակով՝ Ազատության հրապարակով, չանցանք, այնտեղ կանգ առանք։ Հեղափոխություն էր։

Նկատե՞լ ես՝ կան մարդիկ, որ հավաքվում են հեղափոխություն բառի վրա, ինչպես թիթեռներն են հավաքվում կրակի ու լույսի շուրջը։ Ես ա յդ մարդկանցից էի։  Չեմ հիշում՝ մանկության որ ոլորանի վրա իմ մեջ սեր առաջացավ հեղափոխությունների ու հեղափոխականների հանդեպ, բայց հաստատ գիտեմ՝ այդ սերը ուղիղ կապ ուներ գլուխս քաչալացնելու պատմության և մազերիս հետ։  Ինձ միշտ հրապուրում, ոգևորում ու ոգեշնչում էին եղածը փոխելու կամքով օժտված այդ մարդիկ և քաոսը, որ նրանք ստեղծում էին  նոր աշխարհ կառուցելու համար։

Ազատության հրապարակը դարձավ մեր տունը։ Մենք մեր փողով թռուցիկներ էինք տպում ու բաժանում մարդկանց՝ հրավիրելով հանրահավաքի։ Մենք մեզ պարտիզան էինք համարում և զգում էինք մեզ այն մեկը, որից կախված է երկրի ճակատագիրը։  Ընկերներիցս ոմանք սկսեցին երեսովս տալ անցյալս, երբ քամահրանքով էի վերաբերվում քաղաքականությամբ հետաքրքրվողներին և քաղաքականությանը։ Բայց երեսով տալու կարիք չկար։ Այն, ինչ հանեց ինձ փողոց ու հրապարակ, քաղաքականությունը չէր, այլ հեղափոխությունը, իսկ դրանք ամենևին նույն բանը չեն, դեռ մի բան էլ հակոտնյաներ են։  Քաղաքականությունը սկսվում է այնտեղ, որտեղ վերջանում է հեղափոխությունը, և ամենևին նշանակություն չունի՝ հաղթանակո՞վ, թե՞ պարտությամբ։ Քաղաքականությունը կրնկակոխ հետևում է հեղափոխությանը, իսկ դա նշանակում է, որ հեղափոխությունը, նույնսկ հաղթանակի դեպքում, միշտ պարտվում է։ Եվ ամենևին հեղափոխությունը չէ, որ խժռում է իր զավակներին։ Հեղափոխության զավակներին խժռողը քաղաքականությունն է։

Ազատության հրապարակ ինձ բերեց այդ մեն մի բառը՝ հեղափոխություն։ Ես գիտեի, որ հեղափոխությունները լինում են սոցիալական ու քաղաքական, բուրժուական և սոցիալիստական, ազգային-ազատագրական և կրոնական, արյունոտ և մշակութային, թավշյա և գունավոր… Եվ որ դրանցից ոչ մեկը Հայաստանում տեսականորեն հնարավոր չէր։ Ես հասկանում էի, որ հրապարակում ճառող հռետորների նպատակը իշխանափոխությունն է միայն, և որ նրանք հեղափոխություն բառը օգտագործում են որպես գեղարվեստական չափազանցություն, որպես խայծ ինձ նման մարդկանց որսալու համար։ Բայց ես նաև գիտեմ բառի հզոր ուժը։ Կան բառեր, որոնք չի կարելի արտասանել բարձրաձայն, որովհետև դրանց արտասանումը մոգական ազդեցություն ունի և գործի է դնում մի մեքենա, որը հաճախ այլևս հնարավոր չի լինում կանգնեցնել։ Հենց այդ պատճառով էր, որ հավատում էի հեղափոխության հնարավորությանը և, Ազատության հրապարակում ժողովրդի մեջ ու ծածանվող դրոշների արանքում կանգնած, լսելով հռետորների բոցավառ ելույթները, ինձ զգում էի պատմական իրադարձությունների մասնակից։ Այդ ամենն ասես իրականություն չլիներ, այլ մեծ թատերական ներկայացում՝ պատմական թեմայով պիես, ու թեպետ ինձ այդ ներկայացման մեջ գլխավոր դերերից չէր բաժին հասել, միևնույնն է՝ հաճելի էր լինել մասնակիցը մի բանի, որի անունն է հեղափոխություն։ Ես միաժամանակ և մասնակից էի, և հանդիսատես, և նայում էի հրապարակին դարերի հեռավորությունից։ Իմ երկար մազերը քամին օդ էր բարձրացնում ու ծածանում Ազատության հրապարակում հավաքված մարդկանց գլխավերևում որպես հեղափոխության դրոշ։

«Իմպիչմենտ» դաշինքի պարտությունը խորհրդարանական ընտրություններում համընկավ գարնանային զորակոչի հետ։  Մոտենում էր  բաժանման ժամը։ Վերջին հանրահավաքին, որին գնացել էինք մենք, Նիկոլը հորդորում էր չհուսահատվել, վստահեցնում էր, որ   հեղափոխությունը մի ժամվա, մի օրվա, մի շաբաթվա գործ չէ, որ այն մեծ համբերություն ու շատ ջանք է պահանջում։ Հեղափոխությունն, ասում էր, կարող է տարիներ տևել։

Մենք որոշեցինք բաժանվել։ Մի ամբողջ տարի սպասել էինք այդ օրվան՝ հասկանալով, որ այն անխուսափելիորեն գալու է։ Այդ օրվա անխուսափելիությունն էր մեզ մի ամբողջ տարի անչար, առանց կռիվների, մաքրամաքուր երջանկություն պարգևել։ Մենք որոշեցինք չաղտոտել այդ երջանկության մասին հուշը պարտքով ու պահանջով, սպասումով, կարոտով, կասկածներով և այլն։  Ես երբեք չեմ մոռանա այն առավոտը, երբ նա անսպասելի եկավ, թեպետ պիտի արդեն ճանապարհին լիներ։ Գրկեց ինձ՝ քնաթաթախիս, և մենք առանց մեկ բառ ասելու հինգ րոպե կանգնած էինք այդպես սենյակի մեջտեղում՝ իրար ամուր, շատ ամուր գրկած։ Մենք բաժանվում էինք ընդմիշտ։

Մեզ չհաջողվեց բաժանվել, իմ ընթերցող, և հանրահավաքներին ու երթերին, որոնց մասնակցում էի արդեն առանց նրա ու առանց առանձնակի ոգևորության, գումարվեցին այցերը զորամաս, նամակները, բանաստեղծությունները, հեռախոսազրույցները։ Մեր սերը նոր թափ ստացավ։ Այդպես երեսուն տարեկանի շեմին, երբ հեղափոխականները սկսում են քիչ-քիչ դառնալ պահպանողական, ես դարձա զինակոչիկի սիրած աղջիկ։   Դա կատակների տեղիք էր տալիս, հուզում ու հիացնում էր մարդկանց, դա փոխում էր աշխարհը։  Բայց մարդկանց՝ ինձ ուղղված հայացքներում միշտ մի քիչ խղճահարություն կար. տեսանելի էր նրանց, որ պատմությունն այդ երջանիկ ավարտ չի ունենալու։ Դու արդեն գիտես, որ ես չեմ հավատում երջանիկ ավարտներին։ Չէի տխրում, որ երջանիկ ավարտը քիչ հավանական է։ Տխրում էի, որ  սերն այդ ինձ սպանելու էր երկու տարի հետո միայն։ Եվ երկու տարի հետո էի միայն կարողանալու երկար մազերիցս բռնած ինձ դուրս քաշել մահվան միջից։  Ասես տարեկետում վերցրած լինեի իմ կյանքից, ու նույնիսկ պայքարն այլևս չէր ստեղծում ապրելու պատրանք։

Լավն էր սկիզբը, երբ հարթակից ջահել տղաներ ու աղջիկներ էին խոսում, նրանք  հպարտորեն արտասանում էին հեղափոխություն բառը և չէին բացառում դրա հնարավորությունը, ուզում էին դա ու հավատում, որ կլինի։ Հետո հարթակը զբաղեցրին մարդիկ՝ հին ու փորձառու, որոնք գիտեին, որ հեղափոխություն չի լինելու, բայց շարունակում էին արտասանել հեղափոխություն բառը, անուններ էին փնտրում այդ հեղափոխությանը՝ էլ «բուրժուա-դեմոկրատական», էլ«երգի ու պարի», բայց այդ բառն արտասանելու առոգանությունից ու կերպից երևում էր, որ նողկանք են զգում հեղափոխությունների ու հեղափոխականների հանդեպ։

Այն պահից, ինչ ես քաղաքականացվեցի, տարօրինակ բան տեղի ունեցավ։ Տարիներ առաջ քաղաքակնապես ակտիվ մի կին ասել  էր ինձ. «Այդքան հարո՞ւստ ես, որ քաղաքականությամբ չես հետաքրքրվում»։ Ես չմոռացա այդ խոսքը, այն ինձ ճշմարտացի ու տրամաբանված թվաց և շարունակում էր այդպես թվալ նույնիսկ այնժամ, երբ իմ անձնական փորձը հերքեց դրա ճշմարտացիությունը։ Համենայնդեպս, երբ գնացի հրապարակ,  այնքան հարուստ էի, որ իմ փողով թռուցիկ էի տպում ու բաժանում մարդկանց։  Սակայն շատ կարճ ժամանակ պահանջվեց, որ հայտնվեմ աղքատության մեջ։ Աղքատությունը հետանքն էր, ոչ թե դրդապատճառը։   Ընկերներս փորձում էին աշխատանք գտնել ինձ համար, բայց ես անգործունակ էի դարձել։ Չէի կարողանում աշխատել, որովհետև ինձ թվում էր՝ ուր որ է հեղափոխություն է լինելու, հավանաբար այս շաբաթ, միգուցե՝ մյուս, բայց հաստատ այս ամիս։  Իսկ հետո եղավ մարտի մեկը։

Իմ աննման ընթերցող, եթե դու իմ ընթերցողն ես՝ միգուցե միակն ու մինուճարը, ուրեմն հաստատ գիտես, որ մարտի մեկին ես կարող էի դառնալ այդ օրվա տասնմեկերորդ զոհը։ Հրապարակն իրենց մարմիններով ողողած մարդկանցից յուրաքանչյուրը կարող էր, բայց քանի որ գնդակն ինձ էր նշան բռնել, ու ես մի քիչ ավելի մոտ էի հայտնվել մահվանը, քան մյուսները, ուրեմն իմ պարտքն է թույլ չտալ քեզ, որ երբևէ մոռանաս։  Այդ օրն ինձ փրկեցին իմ մազերը։ Չգիտեմ ինչպես, միգուցե իրենց ծանրությամբ հակեցին գլուխս ու մարմինս տարան մի կողմ, միգուցե  ծածանվեցին, ու դիպուկահարը նշան բռնելիս սխալվեց։ Հաստատ գիտեմ միայն մի բան՝ եթե այդ օրը իմ մեջ մի աննշան քիչ լինեին սերն ու հավատը, գնդակն անպայման սիրտս կգտներ։

Իմ սերն ու հավատը անխախտ մնացին նաև հաջորդ՝ մղձավանջային օրերին ու ամիսներին, նույնիսկ այնժամ, երբ ընդդիմադիր թերթերից միանգամից երկուսի խմբագիրները հրաժարվեցին ինձ հոնորար վճարել տպագրած պատմվածքներիս համար, որոնցով ես հույս ունեի իմ համեստ լուման ներդնել հեղափոխության գործի մեջ և ստացված հոնորարով մի որոշ սնունդ առնել ինձ համար։ Նախկինում նման բան չէր եղել, նախկինում խմբագիրներն իրենք էին զանգում, կանչում, որ հոնորար ստանամ։  Այդ օրը ես գնացի քաղաքական զբոսանքի ստորացվածության ճնշող զգացումներով՝ ճանապարհին պատկերացնելով իշխանության գլուխ անցած այն մարդկանց, ում սատարում էին այդ թերթերը։ Եվ հենց ճանապարհին էլ ինձ հայտնություն եղավ՝ այո, Հայաստանի ճակատագիրը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդուն պետք է ծնել։  Հեղափոխությունը պետք է սկսել սեփական կյանքից։

Ահա այս՝ հիմնականում հայրենասիրական  դրդապատճառով էր, որ ես ամուսնության առաջարկ արեցի իմ զինվորին՝ մի կողմ շպրտելով կարծրատիպերը, թե այդ առաջարկը անպայման պիտի տղամարդը անի։  Այդ պահին նա էր իմ սիրածը, և եթե մեր միջև սեր էր, ինձ համար անհասկանալի էր, թե ինչու մենք չենք կարող ամուսնանալ ու երեխաներ ունենալ, իսկ եթե սեր չէր, անհասկանալի էր, թե ինչին պիտի սպասեմ ու ինչու պիտի վտանգեմ Հայաստանի ապագան։

Ծանոթները, որ մինչ այդ ինձ նայում էին գորովալից խղճահարությամբ և վերաբերվում այնպես, ասես ես սիրո նահատակ լինեի, հանկարծ տեսան իմ երկար, ուժեղ մազերը։ Ընկերներս ասում էին՝ ի՞նչ կարիք կա հիմա ստիպել տղային, որ ամուսնանա քեզ հետ, կվերադառնա բանակից ու կամուսնանա, ինչո՞ւ ես ճնշում գործադրում։ Չէ, ինձ պետք չէր, որ բանակից վերադառնա ու ամուսնանա, ինձ պետք էր, որ ամուսնանանք հիմա։ Որպեսզի իմ կյանքում գոնե մի հեղափոխություն լինի։ Որպեսզի կյանքս մտնի նոր փուլ։ Որպեսզի ես կարողանամ ապրել ու աշխատել։ Ինձ պետք էր, որ մենք անենք մի արտառոց քայլ, մի իսկական հեղափոխական քայլ։

Նա համաձայն էր, ու դա ամենակարևորն էր։ Պետք էր միայն, որ զորամասի հրամանատարությունն էլ իր օրհնանքը տա՝ արձակուրդի տեսքով, ինչը հրամանատարությունը ոչ մի կերպ չէր տալիս։

– Ի՞նչ անեմ, «սամավոլկա» գա՞մ, հետո դնեն, դատեն։

Չէ, «սամավոլկա»-դատ-մատ պետք չի, ես ու Հայաստանը մի երկու շաբաթ էլ կդիմանանք, մինչև հրամանատարությունը բարեհաճի զինվորին տալ հասանելիք արձակուրդը։

«Հիմա, հիմա, հիմա»,- գոռում էին մարդիկ՝ հազարավոր, տասնյակ հազարավոր, հարյուր հազարավոր մարդիկ։

Բայց նա, ով կանգնած էր այդ ամենի գլխին,  գիտեր, որ հիմա ոչինչ չի անելու։ Նա հո չէ՞ր կարող սամավոլկա փախչել ու հետո գաուբախտ նստել, նա զուսպ էր ու ինքնավստահ, ոչ թե հախուռն ու խելագար, միայն թե պարզ չէր, թե ինչու է հայտնվել այդտեղ, այդ հարթակին, պարզ չէր, թե ինչու է ինձ սիրել՝ հենց ինձ բոլոր աղջիկներից՝ իմ երկար, շատ երկար մազերը, որ ծածանվում էին դրոշի պես ու պահանջում սխրանք ու հեղափոխություն։

Եվ մի օր, երբ դրամապանակումս բացարձակ ոչ մի դրամ չկար, կատարյալ դատարակություն էր, ու ոչ մի տեղից ոչ մի փողի ակնկալիք չկար,  ես վեր կացա, գնացի մոտակա վարսավիրանոցը և ծախեցի  ավելի քան մեկ մետր երկարությամբ և ավելի քան երկու կիլոգրամ քաշով մազերս՝ իմ առասպելական մազերը առասպելական ցածր գնով։

Աղքատությունը կախված չէ մեր ունեցած փողի չափից։ Աղքատությունն իրականում հոգեվիճակ է, ինքնազգացողություն։ Ես շատ եմ փորձել հասկանալ, թե ինչու իմ կյանքում աղքատություն սկսվեց, որի մասին ես տեղյակ չէի մինչ քաղաքականացվելս։ Այնպես չէ, թե իմ եկամուտները շեշտակի նվազեցին։ Բայց հստակ է, որ այն ժամանակ ես աղքատ չէի ու, ինչպես ասում էր քաղաքականապես ակտիվ այն կինը, այնքան հարուստ էի, որ  քաղաքականությամբ չէի հետաքրքրվում։  Քաղաքականության հանդեպ այդ անտարբերությո՞ւնն էր ինձ պաշտպանում աղքատությունից, թե՞ իմ ներքին հարստությունը՝ քաղաքականությունից։ Թե՞ քաղաքական գործիչները իրենց ճառերով բացեցին աչքերս ու ցույց տվեցին իմ աղքատությունը։

Այն, ինչ տեղի ունեցավ մազերս վաճառելուց հետո, իսկապես հեղափոխություն էր՝ Մազերի Հեղափոխություն։ Գլուխս անդադար, միապաղաղ և բավականին ուժեղ ցավեց տասը օր, իսկ հետո անսպասելիորեն սկսեց… Չգիտեմ էլ ոնց ասել։ Ասել՝ լավ մտածել, այնքան էլ ճիշտ չի լինի, թեպետ անկասկած ավելի արագ ու ավելի տամաբանված էր մտածում, բայց ավելի ճիշտ կլինի ասել՝ գլուխս սկսեց այլ կերպ մտածել։ Բոլորովին այլ կերպ։ Ասես ինձ փոխած լինեին։ Ես ինքս ինձ չէի ճանաչում։ Իմ կերպարանափոխությունը վախեցնում էր ինձ։

Իմ մեջ հերոսաբար զոհվել էր հայրենասիրությունը, ոչ մի քնքշանք հայրենիքի պաշտպանի նկատմամբ չունեի, ես այլևս չէի ուզում ծնել այն մեկ մարդուն, որից կախված է երկրի ճակատագիրը։ Ես ինձ զգում էի կեղծ հայրենասիրական երգերից հուզված մարդ։ Բան, որ ինձ պիտի նողկանք ներշնչեր կամ պիտի առնվազն ծիծաղելի լիներ ինձ համար, ստիպել էր ինձ փշաքաղվել և արցունքներ էր կորզել աչքերիցս։

Կարճ մազերով, թոթափած հին աստվածության մոգական ուժը, նրա սպասուհին լինելու ծանրությունը, արեգակի պես աշխարհին սեր ու ջերմություն պարգևելու պարտավորությունը՝ ես ինձ զգում էի թեթև ու ազատ։ Ազատ ամեն տեսակ բարոյական պարտադրանքներից ու քաղաքացիական պարտավորություններից։ Դիմադրողականություն ձեռք բերած քաղաքականության մասին զանազան տափակ ասույթների նկատմամբ, որոնց նպատակն է հնարավորինս շատ միս ներքաշել քաղաքականության մեջ։ Քաղաքականությունն, իմ սիրելի ընթերցող, կրոնի պես բան է։ Այն, թե կուզես իմանալ, նոր ժամանակների կրոնն է, և նրա սրբազան պարտքն է հնարավորինս շատ մարդու դարձնել իր դավանանքի հետևորդ։ Նա  քո առջև կդնի իրականում կասկածելի ճշմարտություններ՝ ասված հաստատուն, ինքնավստահ, հայրական անառարկելի խոսքի տոնայնությամբ, ինչպես բոլոր կրոնները։ Դրանք շատ համոզիչ կհնչեն՝ այնքան, որ կսկսեն վերագրվել իմաստնությամբ հայտնի տարբեր մարդկանց։  Եվ պիտի շատ, չափազանց շատ երկար մազեր ունենաս ու դրանք կարճ կտրես, որ կարողանաս տեսնել խաբեությունը։

Ինձ դա հաջողվեց։ Սակայն հնարավո՞ր է արդյոք բուժվել քաղաքականությամբ հիվանդանալուց հետո, թե՞ դա մի վարակ է, որի հարուցիչը ցմահ մնում է արյան մեջ։ Հնարավո՞ր է աշխարհի երեսին գտնել այնպիսի մի վայր, որտեղ չլինեն այդ դավանանքի հետևորդները, թե՞ այդ վայրը հենց կորուսյալ դրախտն է, որ կա։

Անտեր մազերը շարունակում են աճել։ Նրանք, գիտես, անընդհատ աճում են, նույնսկ մեռած ժամանակ, երբ բոլոր օրգանները դադարում են գործել։ Ու այս ընթացքում, երբ ես գրեցի քեզ այս երկար նամակը,  մազերս էլի հասել են գոտկատեղիս և պահանջում են…  հեղափոխություն։

2016

Պատմվածքը արտատպված է Արփի Ոսկանյանի ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ գրքից։

Please follow and like us: